“Հետաքրքրաշարժ լեզվաբանություն” նախագիծ. Ձիարշավարանը եվ ոգեշնչման աբյուրը

Անշուշտ, մեզ ծանոթ են հետևյալ հատուկ անունները, հայ. Փիլիպոս, լատ. Philippus, գերմ. Philipp, ֆրանս. Philippe, անգլ. Philip, ռուս. Филипп և այլն: Հարցն այն է, որ դրանք միևնույն անվան տառադարձման տարբերակներ են տարբեր լեզուներում: Այդ տարբերակների հիմքը հունարեն philippos բառն է, որ նշանակում է <<ձիասեր>>. fil (os) – սեր, hippos – ձի: Հունարեն hippos արմատից է դարձյալ հունարեն hippodromos բառը, որ նշանակում է <<ձիարշավարան>> (hippos + dromos <<վազելու տեղ>>). այս բառը նույն իմաստով անցել է եվրոպական լեզուներին, ռուսերենին և այլն: Հմմտ. անգլ. hippodrome, գերմ. Hippodrom, ֆրանս. hippodrome, ռուս. ипподром և այլն: Հայերենում կատարվել է իմաստային պատճենում՝ <<ձիարշավարան>>:

Հին հունական դիցաբանության մեջ հիշատակվում է մի կախարդական աղբյուր Հելիկոնում, որը բխում է Պեգասի սմբակի հարվածից: Այդ աղբյուրի լատիներեն անվանումն է՝ Hippocrene, որ անցել է հունարենից՝ hippu krene – <<ձիու աղբյուր>> բառակապակցական նշանակությամբ: Ռուսերենին այն անցել է иппокрена կամ гиппокрена ձևով: Ըստ ավանդության, այդ աղբյուրն օժտված է եղել բանաստեղծներին ոգեշնչելու կախարդական զորությամբ: Լատ. Hippocrene անվանումը ձեռք է բերել <<ոգեշնչման աղբյուր>> փոխաբերական իմաստ՝ այլևս չկապվելով իր առարկայական նշանակության հետ (ձիու և աղբյուրի): Փաստորեն, ձիերը ոչ միայն սրընթաց արշավում են hippodrom-ում. այդ կենդանու անունը դարձել է հատուկ անվան բաղադրիչ նրանց համար, ովքեր ձիուն շատ են սիրել Philippos, նրա անունը մտել է ոգեշնչման աղբյուր (hippocrene) արտահայտության մեջ՝ բանաստեղծներին ոգևորելով գեղարվեստական խոսքի մնայուն արժեքներ ստեղծելիս…

Leave a comment